Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ օրգանների և հյուսվածքների դոնորների ռեեստրի գործունեության մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 24-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը։ Հրամանն ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից։

ԿԱՐԳ

ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՈՒ ՌԵՑԻՊԻԵՆՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2․ Օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրը (այսուհետ` ռեեստր)՝ առցանց էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որը հասանելի է.

1) օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին,

2) օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին։

3․ Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

4․ Ռեեստրը վարողի գործառույթներն են՝

1) բացառել` անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության առկայության դեպքում դիակը որպես դոնոր օգտագործելու հնարավորությունը,

2) հավաքագրել տեղեկատվություն դիակային դոնորից օրգանների և (կամ) հյուսվածքների վերցման, մշակման գործընթացի վերաբերյալ,

3) հավաքագրել օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների (այսուհետ՝ ռեցիպիենտ) տվյալները,

4) ապահովել փոխադարձ կապը՝ օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև,

5) հավաքագրել տեղեկատվություն իրականացված փոխպատվաստման վիրահատությունների վերաբերյալ:

5. Ռեեստրը բաղկացած է երեք ենթաբաժիններից՝

1) դոնորների տվյալների շտեմարան,

2) ռեցիպիենտների տվյալների շտեմարան,

3) փոխպատվաստված դեպքերի տվյալների շտեմարան:

6. Ռեեստրի դոնորների տվյալների շտեմարանը վարողը ապահովում է.

1) դոնորի վերաբերյալ տվյալների հավաքագրումը,

2) «դոնորի՝ անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության բացակայության ստուգումը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով և հաստատումը,

3) դոնորից վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների վերաբերյալ տվյալների հավաքագրումը,

4) փոխադարձ կապի ապահովումը՝ օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև՝ իրականացնելով ռեցիպիենտի ընտրություն` համապատասխան օրգանի և (կամ) հյուսվածքի համար,

5) դոնորից օրգանների և (կամ) հյուսվածքների վերցման, մշակման և փոխպատվաստման ողջ գործընթացի մշտադիտարկում:

7․ Ռեեստրի դոնորների տվյալների շտեմարանում գրանցվում են օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններից հավաքագրված հետևյալ տեղեկությունները՝

1) դոնորի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ հաշվառման վայրը, սեռը,

2) որ օրգանը և/կամ հյուսվածքն է վերցվել դոնորից, և որ բժշկական կազմակերպություն է ուղարկվել,

3) օրգան և (կամ) հյուսվածք վերցնող բժշկական անձնակազմի վերաբերյալ տեղեկատվությունը,

4) օրգանի և (կամ) հյուսվածք վերցնելու ամսաթվի, օրգան և (կամ) հյուսվածք վերցնելը սկսելու և ավարտելու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը,

5) օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից դոնորական օրգան և (կամ) հյուսվածքը չվերցվելու վերաբերյալ պարզաբանումը:

8. Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանը ապահովում է.

1) օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման կարիք ունեցող ռեցիպիենտների վերաբերյալ տվյալների հավաքագրումը,

2) փոխադարձ կապի ապահովումը՝ օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև՝ իրականացնելով ռեցիպիենտի ընտրություն` համապատասխան օրգանի և (կամ) հյուսվածքի համար,

3) իրականացված փոխպատվաստումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը,

4) բժշկական կազմակերպության կողմից օրգանը և (կամ) հյուսվածքը չվերցվելու, կամ վերցնելու` սակայն չօգտագործելու պատճառների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը,

5) ռեցիպիենտների առաջնահերթությունների սահմանումը ինքնաշխատ եղանակով` ըստ հավաքագրված տվյալների:

9․ Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանում փոխպատվաստում իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ հաշվառման վայրը, սեռը,

2) այն օրգանը, որն անհրաժեշտ է փոխպատվաստել ռեցիպիենտին,

3) փոխպատվաստման հրատապության աստիճանը,

4) ռեցիպիենտի հիմնական ախտորոշումը, ախտորոշման հաստատման օրը, ամիսը, տարեթիվը,

5) ռեցիպիենտի արյան խումբը, ռեզուս պատկանելությունը,

6) ռեցիպիենտի մոտ հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) առկայությունը,

7) փոխպատվաստման հարաբերական հակացուցումների առկայությունը:

10․ Երիկամի փոխպատվաստման անհրաժեշտության դեպքում, սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկատվությունից բացի, նշվում են նաև՝

1) ծրագրային հեմոդիալիզի սկիզբը,

2) ռեցիպիենտի` մարդու լեյկոցիտային հակագենի (HLA-Hսman Leycocyte Antigen) տիպավորման տվյալները,

3) եթե նախկինում ռեցիպիենտը փոխպատվաստվել է, ապա նշվում է նաև նախորդ դոնորի` մարդու լեյկոցիտային հակագենի (HLA-Hսman Leycocyte Antigen) տիպավորման, տվյալները:

11․ Ռեեստրի ռեցիպիենտների տվյալների շտեմարանից ռեցիպիենտի վերաբերյալ տվյալները հանվում են հետևյալ դեպքերում`

1) եթե ռեցիպիենտին իրականացվել է փոխպատվաստում,

2) եթե ժամանակի ընթացքում հայտնաբերվել է բացարձակ հակացուցում փոխպատվաստման համար,

3) ռեցիպիենտի մահվան դեպքում,

4) ռեցիպիենտի անձնական դիմումի համաձայն։

12․ Օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստող բժշկական կազմակերպությունից հավաքագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության և/կամ և հաշվառման վայրերը, սեռը,

2) որ օրգանը և/կամ հյուսվածքն է փոխպատվաստվել,

3) օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստման ամսաթվի, փոխպատվաստումը սկսելու և ավարտելու ժամերի վերաբերյալ,

4) օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստումն իրականացնող բժշկական անձնակազմի վերաբերյալ,

5) բժշկական կազմակերպության կողմից փոխպատվաստման համար օրգան և (կամ) հյուսվածք վերցնելու, սակայն չօգտագործելու պարզաբանման վերաբերյալ

6) ռեցիպիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն` հարցման օրվա դրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել