Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին․ աշխատակազմ

Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ։ Այս մասին նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել։

«Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել։

Հրաժարականի տեքստում նշվում էր․ «Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել