ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ի արտահերթ նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:
Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Այնուհետեւ Ռուբիկ Հակոբյանը հանել է իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ռուբիկ Հակոբյանի իր ելույթում անդրադարձավ պատգամավոր Նարեկ Բաբայանին ու հայտարարեց, թե նա Ազգային ժողով է խցկվել որպես իր կնոջ, Լենա Նազարյանի օժիտ։
Այս ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց դադարեցնել ելույթը, այնուհետ նիստի բնականոն գործընթացը ապահովելու պատճառաբանությամբ դադարեցրեց այն։
«Ես հանում եմ իմ թեկնածությունը, սպասի։ Դու էդ տոնով մի խոսի ինձ հետ։ Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Ես եմ գրել էս կանոնակարգը, իրավունք չունեք ընդհատել ինձ»,-արձագանքեց Հակոբյանը ու ավելացրեց, որ իր կյանքի նպատակը Գաբրիելյանի նման անտակ խուլիգաններին դաստիարակելն է, ինչին վերջինս արձագանքեց․ «Անտակտ խուլիգանը ծնողդ ա, որ քեզ էսքան տարի մեծացրել ա․․․թքեմ վրեդ»։
Կրքերը բորբոքվեցին, պատգամավորները միմյանց «ոչխար», «անասուն» անվանեցին։