Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի բովանդակությանն, ասաց, որ այն կոնկրետ ուղղված էր ներկայիս իշխանություններին:
«Չեմ կարող ցավով չնշել, որ այս 4 տարիների ընթացքում Հանրապետության նախագահն ըստ էության այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է: Այսինքն եղել են դեպքեր, երբ Հանրապետության նախագահը կոնկրետ օրենսդրական հարցերով դիմել է Սահմանադրական դատարան և դրանցից շատերի դեպքում ՍԴ-ն դրական որոշումներ է կայացրել, այսինքն այդ նորմերը, նախաձեռնությունները ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, բայց փաստացի այս 4 տարիները ցույց տվեցին, որ նախագահն առավելապես դժգոհում էր իր լիազորություններից, առանց ամբողջապես իրացնելու այդ լիազորությունները: Նախագահի ինստիտուտն այս 4 տարիների ընթացքում կարող էր բավականին լուրջ ձևով կայանար»,-ասաց պատգամավորը:
Վարդևանյանը նշեց, որ Հանրապետության նախագահն ավելի շատ լիազորություններ ունի, քան Մարդու իրավունքների պաշտպանը:
«Դուք տեսել եք, ինչպիսի արդյունավետությամբ է գործում ՄԻՊ-ի ինստիտուտը և ինչպիսի իներտ ու պասիվ է Հանրապետության նախագահի ինստիտուտը»,-ասաց Արամ Վարդևանյանը: