Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մերժեց Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
Մամիկոն Ասլանյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն վերադաս ատյանում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
- «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
- «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
- «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:
Ավելի վաղ ՏԻՄ ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը։