Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ հունվարի 19-ին, մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) պաշտպանն ասաց, որ դատարանը պետք է քննարկի խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը:
«Խնդիրը հետևյալն է. կալանքը կիրառվել էր, որ նախաքննության ընթացքում Դավիթ Գալստյանը չխոչընդոտի: Հիմա նախաքննությունն ավարտված է, բոլոր վկաները հարցաքննված են, բոլոր ապացույցները կան: Իմ կարծիքով այլևս չկա խոչընդոտելու ռիսկ: Այստեղ արդեն խնդիրը դատարանի գնահատականն է»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ այս փուլում գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու հարց չի լինի:
«Լավագույն լուծումն ենք առաջարկելու դատարանում, տեսնենք, թե ինչ կլինի: Որոշել ենք միջնորդել, որպեսզի դատական գործընթացը դռնբաց լինի, քանի որ ըստ էության էլ պետական գաղտնիք չմնաց: Հնարավոր բոլոր տեղեկությունները հրապարակված են: Հրապարակային դատավարությունը ինչ-որ չափով կարող է օբյեկտիվ լինել»,-ասաց նա:
Ըստ պաշտպանի՝ Դավիթ Գալստյանը ցուցմունք է տվել, առերեսումներ են կատարվել, և՛ մեղադրյալների, և՛ վկաների հետ:
Պաշտպան Արմեն Անդրիկյանը նշեց, որ երկու օր առաջ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ասել է՝ որ չի բացառում որ փորձարկման արդյունքում կլինեն հրթիռներ, որոնք կպայթեն և որակի առումով խնդիր չեն առաջացնի:
«Ամբողջ նախաքննության ընթացքում մեր նախաձեռնությունը կայանում էր դրանում, որ իրականացվի փորձաքննություն և փորձարկում, պարզվի այդ հանգամանքը: Հիմա դատախազությունն առանց փորձաքննության և փորձարկման ավարտ է հայտարարել և գործն ուղարկել դատարան: Բայց իր խոսքում գլխավոր դատախազի տեղակալն ընդունում է այդ հանգամանքը»,-ասաց Արմեն Անդրիկյանը:
Նրա խոսքով՝ մեղադրանքի ծավալը ներառված է ամբողջ 4232 հրթիռները, այսինքն նախաքննական մարմինը պնդել է, որ ամբողջն անորակ և անպիտան է:
«Գործում առկա են փաստական տվյալներ, որ այդ հրթիռները կիրառվել են, ինչպես զորավարժությունների, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում և գործում առկա են ցուցմունքներ կոնկրետ կիրառողների կողմից, որ դրանցով հնարավոր է եղել լուծել մարտական խնդիր»,-ասաց Անդրիկյանը :
Պաշտպանները նաև նշեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է հրթիռների փորձարկման պաշտպանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։
Ստեփան Գալստյանը, Դավիթ Գալստյանը կալանավորվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նույն այս գործի շրջանակներում։