Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը։ Այս մասին տեղեկանում ենք Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունվարի 17-ին, ժամը՝ 18։00-20։00 «Մեմորիալ» սգո սրահում (Էրեբունու շրջան , Այվազովսկու 14/4):
Հրաժեշտի արարողությունը կկայանա` ս/թ հունվարի 18-ին, ժամը 12:00-13:00 Հայաստանի նկարիչների միության շենքից (հասցե: Աբովյան 16):
Ռուբեն Արուտչյանը 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2011 թվականից Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։
Արուտչյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 1996թ․-ին նա մրցանակ է ստացել Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում, 2000 թվականին արժանացել է ՀՀ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակին, 2001 թվականին` Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակին, 2007 թվականին` Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակին և այլն։
2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ Հեղինակել է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) ձևավորումները։