Կառավարությունը հավանություն տվեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը:
Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: Նա պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով:
Ռազմիկ Թևոնյանը այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ Վերջինս նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանի հայրն է։
Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։
Ծնվել է 1990թ. փետրվարի 16-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում:
2011թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն ֆակուլտետը՝ ստանալով տեխնիկայի եւ տեխնոլոգիայի բակալավրի աստիճան «խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտությամբ:
2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության եւ այգեգործության ոլորտում:
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: