ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմի զոհերի և վիրավորների մասին

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում:

Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները օգտագործել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

Ժամը 18:30-ի դրությամբ պաշտպանության նախարարությունը հայտնել է հայակական կողմի երեք վիրավորի մասին։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինծառայող Այազ Նազարով Ազեր օղլու մահվան մասին, իբր, ՀՀ զինված ուժերի գնդակոծության հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել