Հրապարակվել է Մելիք Մանուկյանի («Շշի Մելոյի») նկատմամբ իրականացված սպանության փորձի գործով դատավճիռը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» նկատմամբ իրականացված սպանության փորձի գործով դատավճիռը հրապարակվել է:

Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանի աշխատակազմից:

Դատավճռի համաձայն՝ ամբաստանյալներից Ջեմսիկ Մարտիրոսյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը) և դատապարտվեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Նշենք, որ քրեական գործով անցնող ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը և Պետրոս Էլբակյանը մեղադրվում էին նաև ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով (սպանության փորձը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և արդարացվեցին:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել