Վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 23.09.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, հետագայում ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության  պատասխանատու անձինք, 2012թ. հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման համապատասխան ակտով և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015թ. նոյեմբերի 6-ի հրամանով նախատեսված՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի համապատասխան տեղամասում  իրականացրել են ուղիղ կտրվածքի տուֆ քարի արդյունահանման և վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն: Սակայն պարզվել է, որ առանց պետական գրանցման կամ հատուկ թույլտվության /լիցենզիայի/, նշված տեղամասի հարևանությամբ գտնվող շուրջ 4.5 հա գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց հողի գործառնական նշանակությունը փոխելու, հանքարդյունաբերության կանոնների խախտմամբ, շահույթ ստանալու նպատակով ընկերության կողմից 2019թ. հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արդյունահանվել է շուրջ 560.000 հատ ուղիղ կտրվածքի տուֆ տեսակի քար: Քարերից յուրաքանչյուրը վաճառվել է 160 ՀՀ դրամով՝ ապահովելով ընդհանուր շուրջ 89.000.000 ՀՀ դրամի իրացման շրջանառություն և դրանով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Այս մասին հայտնում են դատախազությունից:

Նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է ևս երկու քրեական գործ,  որոնք միացվել են մայր գործին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նշված ՍՊ ընկերության տնօրեն Հ.  Ա.-ին:

Նախաքննության ընթացքում դատախազության գործուն վերջինս ամբողջությամբ վերականգնել է ընդհանուր 15.642.318 ՀՀ դրամ գումար, որից 3.855.706 ՀՀ դրամը շրջակա միջավայրին  պատճառված վնասն է, 11.286.612 ՀՀ դրամ գումարը՝ ընկերության կողմից  պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, իսկ  500.000 ՀՀ դրամը՝ հանքարդյունաբերական գործունեության թույլտվության համար պահանջվող պետական վճարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալն առաջին անգամ է կատարում միջին ծանրության հանցանք, կամովին հատուցել է պատճառված վնասը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և աջակցել քննությանը՝ 2021թ. դեկտեմբերի 30-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել