ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3142-րդ հոդված) և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդված) հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի 2021թ. արդյունքները:
Մասնավորապես, 2021թ. ընթացքում միայն հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով հարուցվել է 14 քրեական գործ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան ՀՀ քրեական օրնսգրքի 314.2-րդ և 314.3-րդ հոդվածներով հարուցվել է նախորդ 3 տարիներին՝ 2018-ից 2020թթ. ընթացքում միասին վերցրած (15 քրեական գործ):
Ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում վերոհիշյալ հոդվածների հատկանիշներով հարուցված 11, իսկ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ 1 քրեական գործով (այլ հոդվածների համակցությամբ):
2021 թվականի ընթացքում վարույթում քննվող 6 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ ինչպես պաշտոնատար, այնպես էլ նրանց փոխկապակցված անձինք: Մասնավորապես, 1 անձի մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ 8 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար:
Ընդ որում, 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ կալանքը, որոնցից 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Վերոհիշյալ քրեական գործերից մեկը, որով առանձնապես խոշոր չափերով գույքը կամ եկամուտները չհայտարարագրելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորին և վերջինիս որդnւն, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 2021թ. նոյեմբերի 10-ին դատարանը որոշում է կայացրել իրադրության փոփոխման հիմքով ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Վերոհիշյալ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դեռևս չի քննվել:
Մյուս քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում:
Բացի նշված գործերով հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելը, ՀՀ դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկել իբրև հակակոռուպցիոն առանցքային գործիք՝ նշված երևույթի դեմ իրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, պրակտիկայում դրսևորվող խնդիրները հընթացս վերացնելու ուղղությամբ:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելու համար: Այսինքն անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար առնվազն անհրաժեշտ է, որպիսի վերջինս հիշյալ արարքի համար նախկինում ենթարկված լինի վարչական պատասխանատվության: Մինչդեռ գլխավոր դատախազությունում առանձին գործերի ուսումանսիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում չնայած անձինք, իրազեկված լինելու պայմաններում հայտարարագիր չեն ներկայացրել, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարչական վարույթ չի իրականացրել, ինչի արդյունքում անցել են վարչական տույժ նշանակելու ժամկետները: Նկատի ունենալով վերոգրյալը՝ նշված հանգամանքին առավել մեծ ուշադրություն դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Բացի այդ, ելնելով նրանից, որ ապօրինի հարստանալու հանգամանքն ապացուցելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն, ինչը կարող է արվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու միջոցով, 2021թ. ՀՀ գլխավոր դատախազը դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես՝ հանձնարարվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով հանձնարարվել է ապահովել, որպեսզի պարտադիր քննության առարկա դարձվեն չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ: