«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ , 11-րդ և 12-րդ մասերի համաձայն` կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։
Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Կենսաթոշակը վճարելը» 62-րդ կետի համաձայն` եթե կենսաթոշակ վճարելը դադարեցված չէ, լիազորագրով վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև` հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: