Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանի զինծառայողներն ավարտել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ վերապատվաստումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, պատվաստման երկրորդ բաղադրիչն ստանում են նաև քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները, որոնք անցնում են պլանային վերապատվաստում։
«Վերապատվաստումն ընթանում է ըստ պլանի, այս պահին բժշկական ծառայությունն արդեն վերապատվաստել Է ռազմակայանի զինծառայողների ողջ անձնակազմը, ավարտական փուլում է քաղաքացիական անձնակազմի աշխատակիցների վերապատվաստումը, նաեւ շարունակվում է ինչպես բոլոր կարգի զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձնակազմի ընտանիքների անդամների վերապատվաստումը»,- նշել է Հայաստանում ռուսական ռազմակայանի բժշկական ծառայության պետ, մայոր Վասիլի Պարամոնովը:
Վերապատվաստումն անցկացվում է ՀՌՇ շրջանային զինվորական կլինիկական հոսպիտալի եւ զորամիավորման բժշկական ստորաբաժանումների բազայի վրա:
Նախքան պատվաստման յուրաքանչյուր ընթացակարգն իրականացվում է պարտադիր բժշկական քննություն. բժիշկ մասնագետները հիվանդներին տեղեկացնում են մարդու օրգանիզմի վրա «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» («Սպուտնիկ V») դեղամիջոցի ազդեցության մասին:
Բոլոր զինծառայողները, քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները պատվաստանյութի ներարկման ընթացակարգից հետո կես ժամ գտնվում են բժիշկների հսկողության տակ։