«Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն այսօր` հունվարի 9-ին, ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 11 անդամներ:
Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ավագանու այսօրվա նիստում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին իրենց մանդատները և լքեցին նիստերի դահլիճը:
«Հանուն մեր համայնքում ապրող ժողովրդի, ավագանու բոլոր անդամներս վայր ենք դնում մեր մանդատները, որպեսզի ինչ-որ տարաձայնություններ չլինեն: Բոլորիցդ շատ շնորհակալ ենք: Մենք դուրս ենք գալիս, իսկ դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է: Աստծու առաջ բոլորս մի օր պատասխան ենք տալու»,- ասաց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:
«Դավիթ Մինասյան» և «ՔՊ» խմբակցության անդամներն էլ միասին առաջադրեցին Դավիթ Մինասյանի թեկնածությունը՝ համայնքապետի պաշտոնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Դատարանը բավարարել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը» և Փարաքարի համայնքպետի ընտրության արդյունքները անվավեր էին ճանաչվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր 10 մանդատ, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը՝ 9 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 2։