Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողների Ղազախստան տեղափոխումը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական կայքից։
Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի ԶՈւ խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումը ՀՀ Զվարթնոց օդանավակայանից Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ղազախստանի Հանրապետության Ալմաթի օդանավակայան է հասցվել։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն փակ կապուղիներով շփվում է ՀԱՊԿ երկրների իր գործընկերների հետ։
Ռուսաստանի Դաշնության ռազմական գերատեսչությունում ընդգծում են, որ քննարկված բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։