Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հրամայել է իրավապահ մարմիններին և բանակին առանց նախազգուշացման կրակ բացել ահաբեկիչների վրա։
Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական կայքից:
«Ես կարգադրել եմ իրավապահ մարմիններին և բանակին կրակ բացել առանց նախազգուշացման»,- ասել է նա ուրբաթ օրը երկրի ժողովրդին ուղղված ուղերձում։
Նախագահը հավելել է, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն բանակցել ահաբեկիչների հետ. «Ի՞նչ հիմարություն, ինչպիսի՞ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված և վարժեցված ավազակների հետ»,- ասել է Տոկաևը:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: