Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումը հղի է մի շարք անցանկալի հետևանքների ռիսկով. «Քաղաքացու որոշում»

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ղազախստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Ցավով և ափսոսանքով ենք հետևում Ղազախստանում ստեղծված իրավիճակին։ Ակնհայտ է, որ գործընթացի թե՛ առաջացման պատճառները, թե՛ դրանում առկա շահերը և թե՛ դերակատարների կազմը միանշանակ հետևությունների հնարավորություն չի տալիս։

Մենք կարծում ենք, որ Հայաստանը իր անվտանգային մարտահրավերների այս շրջափուլում չպետք է ակտիվ ռազմական միջամտություն ցուցաբերի իր տարածքներին անմիջականորեն չառնչվող վեճերում։ Այլ տարածաշրջաններում խաղաղությանն ու կայունությանը Հայաստանը իր նպաստը պետք է բերի ոչ ռազմական ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումը հղի է մի շարք անցանկալի հետևանքների ռիսկով, որոնց կառավարման վերաբերյալ որևէ պատկերացում չի ներկայացվում հանրությանը և քաղաքական ուժերին։
Մասնավորապես.

1. Բոլոր տարածաշրջաններում եռացող կոնֆլիկտների այս ժամանակաշրջանում նման նախադեպ ստեղծելով ինչպե՞ս ենք զերծ մնալու այդ բոլոր եղած և լինելիք կոնֆլիկտներում հայ զինվորների կյանքը վտանգելու առիթներից։

2. Արտաքին միջամտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները անկասկած հարցեր են առաջացնելու մի շարք աշխարհքաղաքական կենտրոններում. ինչպե՞ս է Հայաստանը պատասխանատվություն կրելու այդ հայտարարության համար։ Իսկ եթե այդ հայտարարությունը չհիմնավորվի ինչպե՞ս է Հայաստանը պատասխանատվություն կրելու անհիմն միջամտության համար։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք աշխարհքաղաքական հակադրության բևեռ դառնալու։

3. ՀԱՊԿ զորքերի գործողությունների վերաբերյալ Ղազախստանի ժողովրդի մի հատվածի մոտ անխուսափելիորեն առաջացող դժգոհությունը մարմնավորվելու է Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը ազգամիջյան ատելության հնարավոր դրսևորումներից։
Ըստ այդմ. անհրաժեշտ ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորները ում համար կենտրոնական տեղում Հայաստանի շահն է պետք է կառավարության ղեկավարին կանչեն բացատրություններ տալու և մանրամասն պատասխաններ ստանան հետևյալ հարցերի առնչությամբ.

1. Արդյո՞ք Հայաստանը հետայսու մասնակցելու է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կոնֆլիկտներին սեփական զորքերով։ Եվ ինչպե՞ս է դա հարաբերվում մեր անվտանգային հարցերում ՀԱՊԿ անտարբերության հետ։

2. Ինչպե՞ս և ինչ չափով է Հայաստանը պատասխանատվություն կրելու միջազգային հարթակներում ՀԱՊԿ զորքերի գործողությունների համար։

3. Ի՞նչ քանակի, ի՞նչ տեսակի զորքեր են ՀՀ ԶՈւ կազմից ուղղարկվում Ղազախստան` ի՞նչ ժամկետով և ի՞նչ իրավական գործընթացի արդյունքում։

4. Ինչպե՞ս է Հայաստանը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը հիմա և զորքերի դուրսբերումից հետո։

Կայունություն և համերաշխություն ենք մաղթում Ղազախստանի ժողովրդին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել