ՀՀ ատաքին գործերի նախարարության հայտարարությունը․
«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ցույցերի ֆոնին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինեց հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը ևւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։