Ամբողջ Ղազախստանում գրանցվել է ինտերնետի անջատում, նշվում է NetBlocks կազմակերպության տրամադրած տվյալներում, որը վերլուծում է ինտերնետի աշխատանքը։
«Հաստատված է. Ղազախստանն այժմ գտնվում է համազգային ինտերնետի անջատման մեջ՝ բջջային ինտերնետի մի օր խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո: Դա, ամենայն հավանականությամբ, խստորեն կսահմանափակի աճող հակակառավարական ցույցերի լուսաբանումը», – ասվում է NetBlocks-ի Twitter-ում:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։