ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արցախյան պատերազմի մասնակից ուսանողների և նրանց ընտանիքի անդամ համարվող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է. 2020/2021 ուստարվա և 2021/2022 ուստարվա 1-ին կիսամյակի համար պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել մարտական գործողությունների մասնակից շուրջ 6330 շահառուի, այդ թվում՝ ուսանող, ամուսին, ծնող, ընդհանուր՝ մոտ 1,4 միլիարդ ՀՀ դրամ: Ծրագիրը կշարունակվի նաև 2022 թ. երկրորդ կիսամյակի և 2022/2023 ուստարվա առաջին կիսամյակի համար` տարածվելով մարտական գործողությունների մասնակից ուսանողների վրա:
Սոցիալական խմբերում ընդգրկվածները ուսման վարձի փոխհատուցում են ստանում՝ ըստ ՄՈԳ-ի:
Կարևորելով ուսման վարձի փոխհատուցման հասցեականության և կրթության որակի փոխկապակցվածությունը` ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի № 1752-Ն որոշմամբ փոփոխություն է իրականացվել համապատասխան կարգում: Ըստ այդմ` 2021/2022 ուստարվա համար պետությունը ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հատկացրել սոցիալական տարբեր խմբերի պատկանող 5722 ուսանողների, որից 2299-ը ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողներ են, 763-ը՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ, 2209-ը՝ մարտական գործողությունների մասնակիցներ, 52-ը՝ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներ, 399-ը՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ: Սոցիալական այս խմբերի ուսման վարձի փոխհատուցման համար հատկացվել է մոտ 1,5 միլիարդ ՀՀ դրամ:
Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ` վերոնշյալ փոփոխությամբ` սոցիալական խմբերում ընդգրկված ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ), նվազագույն շեմ է սահմանվել ՄՈԳ-ի 60 տոկոսը: «Ուսման վարձի փոխհատուցման ժամանակ կարևորում ենք ոչ միայն սոցիալական կարգավիճակը, այլ նաև առաջադիմությունը: Որքան լավ կսովորի ուսանողը, այնքան ավելի շատ փոխհատուցում կստանա: Սա պետության հստակ ուղերձն է` պետք է լավ սովորել` հետագայում լավ մասնագետ դառնալու համար »,- նշել է Կարեն Թռչունյանը` ընդգծելով, որ փոխհատուցման չափը կարող է հասնել մինչև ուսման վարձի 90 տոկոսին` կախված ՄՈԳ-ից:
Պետության համար գերակա նշանակություն ունեցող մասնագիտությունների համար սահմանված է եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն, որից կարող են օգտվել աշխատող ուսանողները: