ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված համատեղ ասուլիսում նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանն ու Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել են բարձրագույն կրթության, միջազգային համագործակցության, սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման և երիտասարդության ոլորտներում 2021 թվականին իրականացված աշխատանքները:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› օրենքի նախագիծը վերստին շրջանառվում է:
Բարձրագույն կրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կատարված աշխատանքներից առանձնացրել է ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› օրենքի նախագծի վերստին շրջանառումը: Փոխնախարարի տեղեկացմամբ` Սահմանադրական դատարանի կողմից կասեցված դրույթները նախագծի նոր տարբերակում խմբագրվել և լրամշակվել են: Կարեն Թռչունյանը հույս է հայտնել, որ նախագիծը գարնանը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում և կընդունվի` հաշվի առնելով, որ խորհրդարանը մեկ անգամ արդեն քննարկել և հավանություն է տվել օրինագծին:
Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է փոփոխություն կատարել ասպիրանտուրայի ընդունելության կարգում, ըստ որի՝ «Համակարգչային հմտություններ» առարկայի քննություն այլևս չի պահանջվելու: Ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն միայն օտար լեզվից և մասնագիտական առարկայից, քանի որ, ըստ փոխնախարարի, նման քննության կազմակերպումն այսօր ժամանակավրեպ է: Համապատասխան կարգի փոփոխությունը կհաստատվի գալիք տարի:
Դիմորդները տարվա մեջ 2 անգամ ընդունելության քննություն հանձնելու հնարավորություն կստանան:
Մյուս կարևոր փոփոխությամբ` բուհերի դիմորդների համար ընդունելության քննություններ կկազմակերպվեն տարվա մեջ երկու անգամ: «Նպատակահարմար ենք գտել դիմորդներին հնարավորություն տալ տարվա մեջ 2 անգամ հանձնելու միասնական քննություն, որոնցից առաջինը կկազմակերպվի հունվարին, մյուսը, ինչպես այժմ է, կլինի ամռանը` հունիսին: Ստուգելով սեփական գիտելիքները` նրանք կորոշեն, թե քննական արդյունքներից որը օգտագործեն ընդունելության մրցույթի ժամանակ»,- տեղեկացրել է Կարեն Թռչունյանը` հավելելով, որ ընդունելության մրցույթի ամփոփման ժամկետները չեն փոխվի: Այս նորարությունը կիրառվելու է 2023 թվականից, այսինքն` գալիք տարվա դիմորդներին չի վերաբերի: Փոխնախարարի խոսքով` նման քայլի գնալով՝ կլուծվի քննությունների սթրեսը հաղթահարելու խնդիրը:
Ըստ մասնագիտությունների հստակեցվել է միասնական քննությունների ցանկը` որդեգրելով մեկ մասնագիտություն, մեկ մոտեցում սկզբունքը: Եթե նույն մասնագիտությամբ կրթություն է կազմակերպվում երկու և ավելի բուհերում, ապա դիմորդը, անկախ նրանից, թե որ բուհ է դիմում, պետք է հանձնի նույն քննությունները: Այսպիսով` սահմանվել են ընդունելության միասնական չափանիշներ, մուտքային պահանջներ, ինչպես նաև ամրագրվել է, որ դիմորդը բուհ կընդունվի՝ հանձնելով ընդունելության առնվազն 2 քննություն:
Փոխնախարարի տեղեկացմամբ` նախատեսվում է նաև 100-ական տեղերով ավելացնել 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների՝ բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը, որ կհատկացվի բնագիտատեխնիկական (STEM) ոլորտի մասնագիտություններին:
Տարվա ընթացքում կազմակերպվել է նաև «Լավագույն ուսանող» մրցույթը, որի հաղթողները կպարգևատրվեն արդեն 2022 թվականին:
Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները: