Շիրակի պետական համալսարանում դեկտեմբերի 25-ին կայացել է նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա է եղել 19-ը։
Այս մասին հայտնում են Շիրակի պետական համալսարանից:
Նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել ՇՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։
Մինչ օրակարգով նախատեսված հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը, նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամը՝ «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը։
ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դոցենտ Լուսինե Գևորգյանը։
Հաջորդիվ՝ ՇՊՀ-ի կանոնադրությանը և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել համալսարանի ՀԽ-ի աշխատակարգում և ռեկտորի ընտրության կանոնակարգում։
Քննարկվել է նաև ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման հարցը։ Որոշվել է ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել և այն նշանակել 2022թ. փետրվարի 19-ին: