Բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից․ Հայկ Մարությանը մի շարք փակագծեր բացեց

Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ է գումարել․ քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը ելույթ ունեցավ, որում նշեց․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ երևանցիներ, խոսքս ձեզ եմ ուղղում։

Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, որ երբևէ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, և կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները շատ ծանրակշիռ փաստարկներ պետք է ունենային ընդդեմ քաղաքապետի։ Օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում կամ ինչ-որ այլ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք, բայց, ինչպես հասկացանք, այդպիսինները չկան։

Ներկայացվող պատճառը լրիվ այլ է, ինչպես նախաձեռնող խումբն է ասում՝ քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը։

Եկեք հասկանանք, արդյո՞ք դա այդպես է, թե՝ ոչ․

2018 թվականին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին մենք բոլորս մասնակից ենք եղել և ամեն մեկս մեր լուման ենք ներդրել այդ կարևոր գործում։ 

Հեղափոխության հաղթանակից հետո առաջին ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններն էին, որտեղ մենք, որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք՝ ջախջախիչ հաղթանակ տանել և թղթի վրա հստակ ամրագրել ժողովրդի կամքը, ինչն էլ իր հերթին թույլ կտար գնալ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և ամրագրել այդ հաղթանակն արդեն համապետական մասշտաբով։ Այդ նպատակով ստեղծվեց հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը, որի մաս կազմեցին ՔՊ կուսակցությունը «Առաքելություն» կուսակցությունը և մի շարք այլ կուսակվությունների անդամներ կամ անկուսակցական ակտիվ քաղաքացիներ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին ՔՊ անդամ, այսինքն ֆրակցիայի մեծ մասը, 30 ավագանու անդամ, անկուսակցական էին կամ այլ կուսակցությունների անդամներ էին, սա կարծում եմ շատ հատկանշական է, որ արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրան։

Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 82 տոկոսը։ Կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, ժողովուրդն իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին, իր ձայնը տվեց հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հայտնի և հարգված մարդկանց, օրինակ՝ հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին և շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին Հայաստանում հեղափոխության հաղթանակի գործին, այստեղ շատ կարևոր նրբություն կա՝ հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների ՔՊ կուսակցության դրոշի ներքո, ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունն արեց ամբողջ ժողովուրդը, այլ նաև նրա համար, որ ուղղակի ՔՊ անունը լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։

Այսպիսով, եկեք արձանագրենք, որ 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եթե անձերին մի կողմ դնենք, ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այս պրոցեսը նախաձեռնող խումբը, որպես անվստահության հիմք ասում է՝ քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից և դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։

Սիրելի՛ հայրենակիցներ, պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ ֆրակցիայի անդամ, և նախաձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է։

Ի դեպ, իրենց փաստարկներում հիշատակելով ՔՊ կուսակցության անունը՝ այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, սա անընդունելի է ինձ համար և ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով։

Ասեմ ավելին՝ ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, նրանք արդեն առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ՝ դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ՝ սատարում է հակահեղափոխական ուժերին, սա նույնպես անընդունելի է և վիրավորական այն քաղաքացների համար, որոնք կուսակցական չեն։

Հետևաբար՝ ո՞րն է անվստահության հիմքը։

Այս օրերին նախաձեռնության անդամները և նրանց կուսակցական ընկերներն ասում են նաև, թե Հայկ Մարությանը, այսինքն ես՝ շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի արտահերթ ընտոևթյուններից հետո սկսեցինք աշխատել և հանկարծ մի օր իմացանք, որ Կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները 1․5 միլիոն դրամ են ստանում, խոսքը մաքուր գումարի մասին է, փոխնախարարները՝ 1 մլն․ դրամ են ստանում, և այսպես շարունակ․ գաղտնի որոշմամբ, հեղափոխական նախարարները։

Ես չեմ խոսում պետական ապարատի տեխնոկրատ անդամների մասին, որոնք պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի համար, անկախ ամեն ինչից, պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ նախարար դարձած մարդկանց մասին։ Ես կարծում էի, որ հեղափոխականի գերնպատակը պետք է լինի՝ բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան և անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, երբ աղքատությունը երկրում տատանվում էր 30 տոկոսի սահմաններում։

Կասեք՝ ինչու՞ չէիր շուտ խոսում սրա մասին․ ուրեմն բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում․ ոչ մի արձագանք, կարծես թե ամեն ինչ պետք է այսպես էլ լիներ։ Բացի դրանից աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի այսինչ աշխատակիցն ինչ-որ վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել, իրենք պետք է աշխատանքից հեռանան․․․ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր ֆեյսբուքով չեն կառավարում, ախր ամեն ինչ ֆեյսբուքով չի սկսվում ու վերջանում, հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած՝ մերժում էի նման բոլոր առաջարկները, բայց դա դեռ ծաղիկներն էին։

Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուտկեն այստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, սա այսքան հարկ ավելացնենք, այսքան տոկոս հող ընդլայնենք և այլն։ Բնականաբար բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը՝ քանի ես այստեղ եմ՝ ամեն ինչ արվելու է օրենքի և օրինականության շրջանակներում և բոլորը հավասար են օրենքի առաջ։

Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետև ես այդպիսի զանգեր, անկեղծ ասած, չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսվեց ի հայտ գալ իմ և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը ու հիմա այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել