«Քաղաքական խզումը սկսվել է մեկ տարի առաջ, երբ պարոն Մարությանը պատերազմից հետո կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Մինչ այդ էլ եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք եղել են այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր է եղել հարթել, այսինքն հիմնականում աշխատանքային մակարդակի խնդիրներ են եղել։ Բայց ինչ-ինչ պատճառներով պարոն Մարությանն այդպիսի որոշում է կայացրել, ցավոք սրտի, և դրանից հետո մոտ մեկ տարի է մենք փաստացի ճգնաժամում ենք աշխատել, ուղղակի դա ի ցույց չենք դրել հանրությանը, որովհետև երկիրը գտնվել է ծանր վիճակում և մենք գտել ենք, որ մեր տարաձայնությունները պետք է սառեցնենք»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Խոսելով քաղաքապետի հրաժարականի անհրաժեշտության մասին՝ նա նշեց, որ քաղաքական տրամաբանությունը և Ընտրական օրենսգրքի տրամաբանությունը դա են հուշում։
«Օրենսդրությունն ավագանուն տվել է լիազորություն՝ անհրաժեշտության դեպքում և վստահության բացակայության դեպքում փոխել քաղաքապետին, ինչը մենք հիմա անում ենք»,-ասաց նա։
Արմեն Գալջյանը նշեց, որ չի ուզում խոսել պատճառների մասին, թե ինչու չի հաջողվել տարաձայնությունը հարթել։
«Բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում, և նա իմ կարծիքով, չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից և վերականգնել այդ խզումը»,-նշեց նա։