Անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն․ Սիփան Ասատրյան

Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ,

Irakanum.am կայքում հրապարակված հոդվածում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցող ավագանու անդամների ցանկում կար իմ անունը ևս (արդեն հանվել է ցանկից)։

Ամենայն հարգանքով այն թիմի հանդեպ, որի կազմում վերջին երեք տարիներին փորձել եմ աշխատել Երևանի ավագանու կազմում՝ հայտնում եմ, որ չեմ մասնակցել այդ գործընթացին, քանի որ անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն։

Ըմբռնելով, որ ավագանին քաղաքական կառույց է, իսկ քաղաքականության մեջ խիղճը, խղճի հանդեպ պատասխանատվությունը մեծավ մասամբ մի կողմ են դրվում, իսկ ես, ինձ համարում եմ ապաքաղաքական անձ, իմ խղճի առջև ավելի պատասխանատու եմ ինձ ուզում տեսնել, քան այլ հանգամանքների կամ իրողությունների։

Ավագանիում հայտնվելուս նպատակները հասարակական են եղել, այն է՝ ուժերիս ներածին չափով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցայնության բարձրացման, քաղաքի մատչելիության և ներառականության ապահովման հարցերին։ Երբեք չեմ համարել ինձ անձ, ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, հետևաբար համարել եմ, որ ամեն ոք իր գործը պետք է կատարի և չխոթի քիթն այնտեղ, որտեղ չի կարող դրսևորել իր ուժերը։

Հայտնում եմ, որ ափսոսանքով, բայց պատրաստ եմ վայր դնել ավագանու իմ մանդատը, եթե պահն այդպես ստիպի ինձ կամ քաղաքական թիմը գտնի, որ իմ այս որոշումը անհամատեղելի է իրենց հետ հետագայում աշխատելու ընթացքին»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ «Իմ Քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հաշվի առնելով, որ՝

1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ։

2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում;

3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը;

4. Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները;

5. Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը;

6. Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:
«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:

Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել