Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչու է միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին։
«Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին:
Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը»,-նշել է նա:
Խմբակցության մյուս 2 անդամները, Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը հայտնել են, որ ծանուցվել են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ․ «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։
Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը կհայտնենք մեր տեսակետը»։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: