Ձեր պարտավորությունը մի բարդեք խորհրդարանի վրա. պատգամավորը՝ Անի Իսպիրյանին

ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստի է հրավիրել, որի օրակարգում ներկայացված նախագծերի մեծ մասը պետք է միանգամից 1-ին և 2-րդ ընթերցում անցնեն։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմելով Անի Իսպիրյանին՝ հարցրեց, թե ինչո՞ւ այս օրենքի փաթեթները ավելի շուտ չեն ներկայացվել, որպեսզի պատգամավորները ժամանակ ունենային ծանոթանալու առաջարկվող փոփոխություններին:

«Նշված են խնդիրներ, որոնք իրոք հրատապ են և հրատապից բացի նաև կարևոր են: Եթե այդ հարցերը կարևոր են և դա որևէ մեկը չի ժխտում, ուրեմն պետք է կարևորության համարժեք ժամանակ տրամադրվի, որպեսզի խորհրդարանում քննարկում տեղի ունենա: Եթե կարևորից բացի նաև հրատապ է, ուրեմն պետք է դա շուտ ներկայացվեր: Վստահ եմ, որ երկու տնօրենի երկվություն ստեղծելու և դրանով իսկ դպրոցներում կամք թելադրելու մղումը նոր չի եղել: Եթե դա կար, պետք է շուտ բերեիք և ձեր փաստարկները ներկայացնեիք։ Խորհրդարանական երկրում, որտեղ առաջնային մանդատով օժտված մարմինը խորհրդարանն է, չի կարելի էսպիսի անհարգալից վերաբերունք ունենալ խորհրդարանի նկատմամբ: Թերացել եք, Ձեր պարտավորությունը մի բարդեք խորհրդարանի վրա»,- ասաց Խաչատրյանը:

Անի Իսպիրյանը անդրադառնալով պատգամավորի հարցին առաջարկեց, որ կոնկրետ նախագծերի մասին հարցերը դեպքում զեկուցողները ավելի մանրամասն ներկայացնեն:

Խաչատրյանն էլ արձագանքելով առաջարկված տարբերակին ասաց. «Ես չեմ ուզում լսել ուրիշի ասածը, ես ուզում եմ ինքս մանրակրկիտ կարդալ, համեմատել, վերլուծություն անել և հետո քվեարկել, ինչո՞ւ եք ինձ այդ իրավունքից զրկում»:

ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ևս խոսեց ներկայացված օրենքների հրատապությունից:

«Տնտեսական հանձնաժողովի նիստին դուք ևս չկարողացաք հիմնավորում տալ, թե այս հարցի հրատապությունը ինչումն է, և ինչու եք երեկ մեզ օրինագիծը ուղարկել, իսկ այսօր հրատապ կերպով մենք փորձում ենք քննարկել»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել