Մոսկվան պատրաստ է օգնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է, որ կողմերը երկխոսում են և քննարկում հարաբերությունների կարգավորումը, իսկ երկու կողմերից ներկայացուցիչներ նշանակելը տրամաբանական և ողջամիտ է․ «Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այս գործընթացին»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար․ «Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն (հարաբերությունները) կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»։
Նրա հայտարարությանը արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն․ «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։