Երեկ տեղեկացա, որ Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում ծնողները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են, որ դպրոցը ջեռուցում չունի, եւ երեխաները վերարկուներով են դասի նստում: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Սա դեռ ամենը չէ. դպրոցի շենքը վթարային վիճակում է գտնվում: Ծնողները մտահոգված են. ասում են, որ շենքը կփլվի երեխաների գլխին: Այս խնդրի մասին նրանք արդեն երկու տարի է, ինչ ահազանգում են եւ նշում են, որ եթե այս տարի հարցը չլուծվի, երեխաներին պարզապես դպրոց չեն բերի: Անվտանգային խնդիրներին զուգահեռ՝ մարդիկ բարձրացնում էին նաև դպրոցում տարրական կենցաղային պայմանների բացակայության հարցը:
Իմ շտապ հանձնարարականով ահազանգից անմիջապես հետո ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետը կապ է հաստատել ՀՀ Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետի հետ: Վերջինս նշել է, որ դպրոցը ստացել է 4-րդ կարգի վթարային աստիճան, և բազմաթիվ դիմում-բողոքներից հետո Կառավարությունը դպրոցի վերանորոգումը ներառել է 2022թ. համապատասխան ծրագրում։ Այս պահին մասամբ վերանորոգվել են հոսանքալարերը, որպեսզի հնարավոր լինի էլեկտրական տաքացուցիչներով ջեռուցել դասասենյակները։
Հետևողական եմ լինելու խնդրի կարգավորման հարցում. երեխաների իրավունքները մեր երկրում պետք է լինեն պաշտպանված»,-նշել է նա: