Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան և Երևանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։
Ստացվում է, որ Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում, Հայաստանը գործընթաց է սկսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«ՀՀ-ից դեռևս պաշտոնական պարզաբանումներ այս հարցի շուրջ չի տրվել, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ մշտապես թուրքական կողմից է ստացվում, ապա բանագնացների նշանակման և կուլիսային պայմանավորվածությունների թեման լրիվ հավանական է թվում։
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Էրդողանը տեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը դրական ազդակներ է փոխանցել:
Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ ՀՀ ԱԳ նախարարը խոստովանել էր, որ իշխանության դրական քարոզչության շրջանակներում ներկայացվող հայ-թուրքական գործընթացում, Թուրքիան միջանցքի հարցը որպես նախապայման է ներկայացնում։
Հերթական փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց, որի ավերիչ հետևանքները ամբողջությամբ դեռևս դժվար է գնահատել»,-գրել է Աբրահամյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում․ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։