Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են Ալեն Սիմոնյանի հրաժարականը

Ազգային ժողովի նախագահի մեր թեկնածուին մեր՝ ընդդիմադիր խմբակցություններից կընտրենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով՝ Ալեն Սիմոնյանը չի կարողանում իրենց պատկերացրած չափանիշներին համապատասխան իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները, այդ պատճառով էլ պահանջում են նրա հրաժարականը․ «Այս ընթացքը ցույց տվեց, որ մենք գործ ունենք այնպիսի Ազգային ժողովի նախագահի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում մեր արտաքին քաղաքականության համար: Կատարում է հայտարարություններ՝ կապված մեր գերիների և անհետ կորածների հետ, որոնք ոչ միայն հոգեկան տառապանք ու ցավ պատճառող, այլ նաև Հայաստանի պաշտպանությունը թուլացնող հայտարարություններ են»:

Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է նաև Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր խմբակցության հետ:

«Ցանկացած կարևորագույն հարց քննարկման առարկա է դառնում դաշինքում: Մեր բոլոր քննարկումները, որ տեղի են ունենում, այդ թվում նաև 2-րդ նախագահի մասնակցությամբ որպես ընդլայնված կազմով քննարկում, տիրում է ժողովրդավարության ամենաբարձր չափանիշները»,-նշեց Մինասյանը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Ալեն Սիմոնյանի հեռացմանը:

«Իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք անենահրատապ և օրակարգային խնդիրներից մեկը և եթե առաջիկայում էլի նմանատիպ նախաձեռոնւթյուն լինի բնականաբար կմիանանք»,- նշեց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով գերիների մասին, նշում է, որ իրենք իր համար գոյություն չունեն։

ԱԺ նախագահի օգնականը հրապարակել է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ ԱԺ նախագահը նշում է․ «Այդ գերիների, այդ մարդկանց, այդ զինվորների նպատակը ո՞րն է եղել, երբ որ իրենք զենք են վերցրել՝ պաշտպանելու հայրենիքը, եթե ես այդ զինվորների պատճառով պետք է Սյունիք կորցնեմ, եթե ես պետք է Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարողա սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչ է դրված, մյուս նժարի վրա ինչ է դրված։ Բնականաբար մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարող ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությանը պատանդ դնել։ Գերիներն այն մարդիկ են, ովքեր զենքը դրել, փախել և մոլորվել են, ես այս մասին չեմ կարող բարձր ասել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել