«Թե արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան զրոյական է»․ Աննա Մկրտչյանի և Նիկոլ Փաշինյանի վեճը՝ ԱԺ-ում

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն եմ ընթերցում․ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, քաղաքացիների, բեռների երկկողմ փոխադրում և այլն․․․  այդ տրանսպորտային հաղորդակցությունը, որը երաշխավորում է ՀՀ-ն, դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ռուսական ФСБ ծառայությունը։ Հիմա հարց․ սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք։ Առաջինը՝ Հայաստանն ապահովում է թշնամու անվտանգությունն այն պարագայում, երբ մինչև հիմա մեր քաղաքացիներին մեր սուվերեն պետությունից առևանգում են, գերի են տանում, խոշտանգում ու սպանում։ Երկրորդ՝ ՀՀ-ի հաշվին տրամադրվում է ճանապարհ, այդ ճանապարհի վրա վերահսկողություն է իրականացնելու երրորդ պետության անվտանգային ծառայությունը։ Սա ի՞նչ է, եթե ոչ միջանցք»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանի սկզբում նշեց, որ կարծում է՝ հարցը տվող պատգամավորի քաղաքական ուժը պետք է կողմնորոշվի մի հարցում՝ ինքը մեկնաբանում է տեքստը, թե ինքը հաղորդում է ուրիշների մեկնաբանությունը, որ իրենց հանձնարարված է որպես սեփական մեկնաբանություն հաղորդել։

Աննա Մկրտչյանն էլ արձագանքեց․ «Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր մոտ այդ սխեման աշխատում է, դուք այստեղ նստածներին sms եք գրում, դա աշխատում է, մեզ մոտ դա չի աշխատում, սա՝ ի գիտություն»։ Նա նաև նշեց, որ ոչ թե մեկնաբանել է, այլ՝ կարդացել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։

«Պատասխանի մեջ ոչ՛ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ դիվանագիտական անդրադարձ չկար։ Այդ տեսանկյունից գնահատել շատ դժվար է, երևի թե գեղասահքի կանոններով գնահատելուց ասեմ, որ նախորդ դեպքերում արտիստիզմը ձեզ մոտ գերակշռում էր, հիմա թե՛ արտիստիզմը, պատասխանի տեխնիկան ուղղակի զրոյական է»,-ասաց պատգամավորը։

Վարչապետը հավելեց, որ sms ուղարկում էլ է, ստանում էլ է, քննարկումներ էլ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել