Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը․ Տարոն Սիմոնյան

Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցներ կիրառելու այսօրվա որոշումների մասին՝

ՀԱՅԱՍՏԱՆՆ ընդդեմ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝

✅ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,
✅կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,
✅ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝

✅կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է։

Ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։

Դե ինչ, համարենք սա մեր պրոֆեսիոնալ թիմի հաջողությունը և նորից լծվենք կազմակերպված ու թիրախային աշխատանքին։

Հ․Գ․ Առաջնային է դառնում նույն դատարանում պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային իրավական գործընթաց սկսելը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել