Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի դիմաց ընթանում էր բողոքի ակցիա: Ցուցարարներից ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրեն չեն ծեծել:
«Միջադեպը իմ հետ է եղել, բայց իմ դեմքին նայելով ծեծված մարդ տեսնո՞ւմ եք»,-հարցրեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանը միջանցքում քայլելիս ասել են «արա», իսկ ինքը հարցրել է, թե ում հետ են։ Այդ ժամանակ պատգամավորները պատասխանել են, թե բոլորս «արա» ենք: Այս միջադեպից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի օգնականը Գերասիմ Վարդանյանին հրավիրել է աշխատասենյակ՝ տեղի ունեցած միջադեպը հարթելու համար:
«Սենյակում 3 հոգի էին, իսկ դուրս գալուց 30-40 հոգով հարձակվեցին մեզ վրա։ Անվտանգության աշխատակիցները կանգնած են եղել և չեն էլ միջամտել: Ասենք, որ ասում են՝ ծեծել են, ես ծեծ կերած մարդու տեսք ունե՞մ: Գնացել եմ այնտեղ ծեծկռտուք ու քաշքշոց ա եղել: Բայց իրենք իրենց ամբողջ ֆրակցիայով, ոհմակով, պապաներով, բանով էդքան չկան, որ եթե անգամ 3 դաշնակցականի հետ բախվեն կարողանան ծեծել: Բորենու նման հարձակվել են մեզ վրա և համապատասխան հակահարված են ստացել»,- ասաց Վարդանյանը:
Վերջինիս խոսքով՝ պատգամավորներից եղել են Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսյանանը և Արմեն Խաչատրյանը: