ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ նշելով, որ ՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է եւ որոշող, ի կատար է ածված:
Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում մասնավորապես գրել է. «Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների»:
Վարչապետը շեշտել է՝ պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի ապագայի երաշխիքը:
Համայնքապետի ընտրություններ էին
- Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
- Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
- Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
- Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
- Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
- Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
- Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
- Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
- Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր: