Դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,-նշել է Աբրահամյանը:

Նշենք, որ ըստ Բաբայանի վերջին հայտարարությունների, զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները, քանի որ «44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու»։

Վերջինս հայտնում է, որ այժմ սկսել են կեղծ թղթեր կազմել՝ փորձելով ցույց տալ, որ հրամաններ եղել են: Բաբայանը պնդում է, որ ճիշտ է՝ տեղյակ չէ, թե ում կարգադրությամբ է բանակում նման գործընթաց սկսել, բայց «ակնհայտ է, որ առանց իշխանության գիտության կամ նախաձեռնության Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Արտակ Դավթյանը, ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներն ու առավել ևս Սուրեն Պապիկյանը նման քայլի չէին գնա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել