Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Հիշեցնենք, որ 1998 թվականին ծնված կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը Լոռու մարզի Անտառամուտ համայնքից էր։
Իրավաբան․net-ի հետ զրույցում համայնքապետ Արայիկ Գևորգյանն ասաց, որ մի քանի անգամ զանգել է ՊՆ, որ տեղեկություններ իմանա, բայց ինքն էլ է այսօր իմացել, որ Արթուրը զոհվել է։
«Ծնողներ ունի, մեկ եղբայր, երկու քույր ունի Արթուրը։ Պայմանագրային զինծառայող էր։ Ինքը ծառայել է Մատաղիսում։ Բանակից եկավ մեկ տարի գնաց արտագնա աշխատանքի։ Հետո եկավ գնաց պայմանագրային զինծառայության»,-նշեց նա։