Կանանց ներկայությամբ հայհոյանք տալն և անպատիժ մնալն անընդունելի է. պատգամավոր

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը: Նշվել է, որ հոդվածում օգտագործվում են անորոշ եզրույթներ, որոնք թույլ չեն տալիս հասցեատերերին համապատասխանեցնել իրենց վարքագիծն այդ պահանջներին:

Հանձնաժողովի հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հատկապես սոցիալական ցանցերի տիրույթում անձինք թույլ են տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք երբեք թույլ չէին տա դեմ առ դեմ հանդիպելու պարագայում: Շատ դեպքերում այդ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններից ծանր հանցագործություններ են ծնվում:

«Այս նախագիծը հնարավորություն է նվազեցնելու այն դրսևորուրմները, որոնք առկա են Հայաստանում: Խոսքի ազատությունը որևէ հասարակությունում երբեք բացարձակ չի եղել: Ես պատրաստ եմ կյանքս զոհաբերել, որպեսզի դուք ձեր դիրքորոշումը պնդելու իրավունք ունենաք, բայց մի բան է դիրքորոշումը, մեկ այն բան է քաղաքական, խոսքը և խիստ քննադատությունը: Հանրային գործիչների համար պետք է ընդունելի լինեն նաև վիրավորանքի որոշակի դրսևորումները: Բայց արժանապատվության դեմ ցանկացած միջամտություն պետք է զրոյական հանդուրժողականության հանդիպի: Այս նախագիծը հիմնված է նաև սահմանադրական դատարանի այն դիրքորոշման վրա, որ ատելության խոսքի մակարդակը շատ բարձր է և անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ մակարդակը իջնի»,- ասաց պատգամավորը և ավելացրեց, որ այս պահին վիճակագրական տվյալներ չկան, բայց  ներկայացնելուց հետո տեսանելի կլինի, թե սոցիալական ցանցերում կամ ընդհանրապես այլ ոլորտներում որքան է նվազել հայհոյանքի և վիրավորանքի ծայրահեղ դրսևորումների  քանակը:

«Մենք ունենք շատ լարված իրավիճակ և ընդունել ենք նոր Քրեական օրենսգիրք, որը գործադրվելու է 2022 թվականի հուլիսին և որոշակի ժամանակ հետո այս կարգավորումը դադարելու է գոյություն ունենալ: Այս ընթացքում պետք է հասկանանք, եթե մենք կարողացանք հաղթահարել այն խնդիրը, որը կա մեր հասարակությունում, ուրեմն նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսելու կարիք չի լինի նոր օրենսգրքում»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մարդը պետք է հասկանա, որ հայհոյելը հանգեցնելու է պատասխանատվության, իսկ կանանց ներկայությամբ հայհոյանք տալն և բարոյական տեսանկյունից անպատիժ մնալն անընդունելի է:

«Օրինակ ինչ-որ մեկը օգտագործեց «անասուն» արտահայտությունը, այն կարող է վիրավորական լինել, բայց ծայրահեղ վիրավորական չէ: Լրագրողներից մեկը ուզում էր հասկանալ, թե որն է այդ ծայրահեղ անպարկեշտ արտահայտությունը, բայց ես փորձում էի բացատրել, որ եթե ես այդ արտահայտությունը թույլ տամ կենթարկվեմ քրեական պատասխանատվության»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը և նշեց, որ ԱԺ-ում փոխադարձ քաղաքական մշակույթի որոշակի աստիճան է պետք: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել