Էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։

Մասնավորապես, կրթության առանձնահատուկ պայմանների մասով տրվում է հետևյալ սահմանումը.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ։

Սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է արվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայրը՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որ թույլ է տալու երեխային հավելյալ աջակցություն տրամադրել, օրինակ, երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք ևն։

Հատուկ դպրոցի սահմանումից հանվել է հակասոցիալական վարք դրսևորող արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար հատուկ դպրոց չի նախատեսվում ունենալ։

Հաշվի առնելով այն հանգամանք, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, այնինչ մեր իրողությունն այն է, որ կան ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անել՝ ի վնաս երեխայի, ավելացվել է, որ կարիքի գնահատում հնարավոր կլինի իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ։ Սա թույլ կտա կանխել երեխաների մոտ առկա խնդիրների խորացումը և վաղ փուլում միջամտել։

Ֆինանսավորման բարձրացված չափաքանակի մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես, ամրագրվում է, որ.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։

Հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել