Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը որևէ մեկի համար որևէ մրցույթ չի չեղարկել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.

«Հերքում՝ «Հետք» կայքի վրապարակման վերաբերյալ

Նախօրեին Հետք կայքը «Գնել Սանոսյանը Սամվել Ալեքսանյանի և Նորագյուղցի Բոգոյի համար մրցույթ է չեղարկել» վերնագրով մեղադրական հոդված էր տպագրել։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ այդ հոդվածը, ըստ բովանդակության, ամբողջապես մեղադրական է և չի պարունակում որևէ փաստեր և հղումներ ոլորտային օրենքներին և նորմատիվ-իրավական ակտերին։

Համաձայն ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ եվ անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N762-Ն և 2007 թվականի հունիսի 21-ի N819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1994-Ն 22․1 կետի պահանջների համաձայն մրցույթում հայտ-պարտավորությամբ մասնակցելու պարագայում կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին փոխանցում է երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար:

Համաձայն մրցույթ անցկացնելու մասին հայտարարության պահանջների՝ կազմակերպությունը պետք է այդ փոխանցումը իրականացներ մինչև նոյեմբերի 8 ժամը 12։00։ Մրցութային կարգի այս պահանջը իմպերատիվ է և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության կողմից այն չի պահպանվել, քանզի 1․5 տոկոսին համարժեք գումարը փոխանցվել է երրորդ անձի կողմից։

Այս հանգամանքը Հոդվածում մեկնաբանվում է իբրև թերություն, որը պետք է Մրցութային կարգի 33-րդ կետի համաձայն առաջարկվեր վերացնել, սակայն 1․5 տոկոսի գումար փոխանցելը մրցույթին հայտ-պարտավորագրով մասնակցելու պարտադիր պայման է, որը պետք է փոխանցվի մինչև մրցույթի անցկացման օրվա նախորդող օրը ժամը 12։00։ Միաժամանակ հայտերի ընդունման վերջնածամկետը սահմանվում է մրցույթ անցկացնելու օրվանից 1 շաբաթ առաջ և հայտով պահանջվող փաստաթղթերը չեն ներառում վճարման անդորրագիր կամ այլ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ։ Այսպիսով, հայտերով ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրությունը և նրանցում թերությունների հայտնաբերման և հետագա շտկման գործընթացները որևէ առընչություն չունեն ավտոբուսների ընդհանուր արժեքի 1․5 տոկոսի չափով գումարի Լիազոր մարմնի գանձապետական հաշվին փոխանցելու հետ։

Հատկանշական է, որ հոդվածում հիմնական նյութը տրամադրող անձը չի բացահայտում և hetq.am-ի լրագրողը չի հետաքրքրվում , թե ի՞նչում էր կայանում խնդիրը, որը թույլ չի տվել Ընկերությանը իր հաշվեհամարից փոխանցում իրականացնել Լիազոր մարմնի գանձապետական հաշվեհամարին՝ Մրցութային կարգի պայմանները բավարարելու նպատակով։

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ մինչ այժմ հայտարարված մրցույթներով բոլոր այն կազմակերպությունները, որոնք մասնակցել են հայտ-պարտավորագրով, պահանջվող 1․5 տոկոսին համարժեք գումարը փոխանցել են իրենց կազմակերպությունների հաշվեհամարներից։

Մրցույթում մասնակցող մյուս կազմակերպությունը՝ «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերությունը, մասնկացել է փաստացի ձեռք բերված Գազել մակնիշի ավտոբուսներով, որոնց հաշմանդամների համար նախատեսված թվով 4 տրանսպորտային միջոցները չեն համապատասխանել Մրցութային կարգի 14․1 կետի պահանջներին, այն է՝ սարքավորված չեն եղել ԳՕՍՏ 30478-96 ստանդարտին։

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով և մրցութային կարգի պահանջները չբավարարելու հիմքով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման մրցույթում հաղթող չի ճանաչվել։

Հոդվածում նաև նշվում է, թե մրցույթի մասին հայտարարության մեջ Լիազոր մարմնի կողմից իրականացվել են փոփոխություններ, որոնք չէին կարող իրականացվել։ Համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի այդպիսի փոփոխություններ կարող են իրականցվել։ Այդ փոփոխություննից հետո Ընկերության համար որևէ պայման չի վատթարացել, քանի որ համաձայն Մրցութային կարգի 50-րդ կետի պահանջների՝ «մրցույթի արդյունքներով հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ըստ առաջնահերթության ներկայացրել է ավելի մեծ քանակով՝

1) մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ.

2) փաստացի ձեռք բերված ավտոբուսներ.

3) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ավտոբուսներ»։

Ինչպես պարզ դարձավ՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը որևէ մեկի համար որևէ մրցույթ չի չեղարկել։ Ամեն ինչ օրենքի շրջանակներում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել