Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. ապացույցներ Սան Ֆրանցիսկոյում
Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) հետ ողեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի և Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:
Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով: Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:
Եկեղեցիում տեղի ունեցան քննարկումներ Smpad G. Saboundjian-ի, իսկ վարժարանում՝ տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի և երեխաների հետ: Նրանք հաստատեցին ահաբեկող հարձակումները և ներկայացրին հարձակումների իրենց հայտնի մանրամասները:
Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:
Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։
Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ:
Կալիֆորնիա իմ այցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region աջակցությամբ»: