«Պետք է հույսներս մեզ վրա դնենք, ես դա եմ տեսնում: Եթե մենք խնդիրը կատարենք փառքով, պատվով ոչ մի բան էլ չի լինի, 100 տոկոսով բան եմ ասում: Այնպես չի, որ թշնամին մեզնից ուժեղ է, մենք կոտրվել ենք, որ միասնական չենք, կոտրվել ենք, որ գաղտնիության ռեժիմը չենք պահպանում»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան:
Նրա խոսքով՝ առաջնագծում, երբ զինվորը լսում է, որ այստեղ տարածքները հանձնելուց են խոսում նրա մարտունակությունն ընկնում է:
Անդրադառնալով Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո իր մոտ ավելի շատ հարցեր են առաջացել Սյունիքի անվտանգության հետ կապված, Մելիքսեթ Պողոսյանն ասաց. «Կարոն այնքան զենք-զինամթերք ունի, որ իր պարտականությունը կատարի ամեն ինչով մենք պատրաստ կլինենք: Որպես Սյունիքի Երկրապահի նախագահ, որպես Սյունիքի մարզպետ, ես կարող եմ գնահատել ջոկատները պատրաստ են դիմադրության, թե ոչ: Խոսքը մի ուրիշ բան է, պատրաստակամությունը մեկ ուրիշ»:
Նա նշեց, որ վարչապետի հետ հանդիպմանը նրանց ասվել է, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու և ոչ մի փաստաթուղթ չկա ստորագրելու. «Սահմանազատում-սահմանագծում հասկացողություն դեռ չկա, նմա բան չկա»:
«Սանասարի հատվածում մենք 3 անգամ պոստերն առաջ ենք տվել, հետո Ռուսաստանի Դաշնությունի չի համաձայնվել. մենք պետք է զբաղեցնեինք մեր Խորհրդային միության սահմանները: Հանձնաժողով է եղել, բանակցել են Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, բայց չեն համաձայնվել»: