Հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի»-ում աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ արդեն հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները։

Համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։

Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։

Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված տավարի հում միս (կիսաֆաբրիկատ))՝ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):

Ընկերությունից դեպքի վերաբերյալ հայտնում են․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում երևանյան սննդի տարբեր կետերում արձանագրվում են թունավորման մի շարք դեպքեր։ Սույն թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ նման իրավիճակ ստեղծվեց նաև մեր ընկերության «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում։

Հաշվի առնելով սննդային թունավորումների կրկնվող օրինաչափությունները, հնարավոր զարգացումները կանխարգելելու նպատակով՝ մեր ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս են բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։

Մենք անվտանգ, որակյալ սննդի մատուցման և ռեստորաններում միայն թարմ ու բարձրորակ մթերքներ օգտագործելու ջատագովն ենք։ Մեր ռեստորանների հյուրերն ու մեր ծառայություններից օգտվողները շատ լավ գիտեն, որ բարձրորակ մթերքներով աշխատելը «Երեմյան Փրոջեքթսի» համար եղել է, կա ու կմնա գերակա սկզբունք։ Ուստի, ինքներս ավելի քան շահագրգռված ենք առաջինն իմանալու դեպքի պատճառներն ու հանգամանքները, մենք ակտիվ ներգրավված ենք լաբորատոր հետազոտությունների ամբողջ գործընթացում և հետամուտ ենք լինելու բոլոր խնդիրների բացահայտմանն ու հետևողական լուծմանը։ Այս պահին էլ «Երեմյան Փրոջեքթսը» սերտորեն համագործակցում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ՝ իրականացնելով լաբորատոր անհրաժեշտ փորձաքննությունները։

Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային են մեզ համար. մենք բոլոր տուժած քաղաքացիների կողքին ենք և ցուցաբերում ենք անհրաժեշտ աջակցություն։ «Երեմյան Փրոջեքթսի» ամբողջ թիմի անունից նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Ստուգումների արդյունքներն արդեն հայտնի կլինեն մոտ օրերս, և իմանալուն պես՝ կներկայացնենք հանրությանը։ Իսկ մինչ դա խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից, թեմայի անհարկի շահարկումներից և մեկնաբանություններից, մրցակցային կեղտոտ խաղերից, որոնք կարող են վնասել «Երեմյան Փրոջեքթսի»՝ երկար տարիների արդար ու բարեխիղճ աշխատանքով ձեռք բերված բարի համբավը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել