Փոփոխություններ են նախատեսվում դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգում․ փոխնախարար

Կրթության, գիտության, մաշակությի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման ենք ներկայացրել սովորողների դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգը՝ նոր խմբագրությամբ։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշում է, որ դրանով փորձ է արվել կարգավորել պրակտիկայում առաջացող տարբեր հարցերը՝ ելնելով երեխայի լավագույն շահից։

«Մասնավորապես, սահմանել ենք, որ.

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ դպրոցը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:

Տնօրենները հնարավորություն կստանան մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Այսպիսով, կկարգավորվեն պարբերաբար հանդիպող խնդրահարույց իրավիճակները հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ սովորողների թվաքանակի հետ կապված:

Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող երեխաների ընդունելությունը կիրականացվի առանձին էջի միջոցով՝ սահմանված ժամկետում՝ խուսափելով այն դեպքերից, երբ օտար լեզվով ուսուցման իրավունք չունեցող երեխային գրանցում էին այդ լեզվով ուսուցման տեղում։

Առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ կհեշտացվի երկյակ, եռյակ և ավել երեխաների հայտագրումը. նրանցից մեկին հայտագրելու դեպքում մյուսը կամ մյուսները կհամարվեն հայտագրված։

Հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը դպրոց դիմելու դեպքում հնարավորություն կստանա ուսումը շարունակել համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:

16 տարին լրացած կամ տվյալ տարում լրացող և հիմնական կրթության վկայական չունեցող երեխաների համար հստակեցվել է հիմնական կրթության վկայական էքստեռն կարգով ստանալու և կրթությունը շարունակելու պայմանը։

Հստակեցվել են նաև ժամկետները»,-մանրամասնել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել