ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե պատերազմի վտանգ կա՞, ասաց․
«Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում՝ միջազգային լծակներով։ Բայց մյուս կողմից, ինչպես նկատեցիք, մենք չենք խուսափում նաև Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից և չենք խուսափելու»,- ասաց նա։
Փաշինյանը խոսեց նաև պաշտպանության նախարարների միջև ձևավորվող շփումներից։ «Մեր պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ կոմունիկացիան ակտիվերեն օգտագործի, և Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնը անի Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որ տեսնենք՝ ով ինչպես է արձագանքում, և սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե պարզվի՝ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ կլինի։