ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման դեպքի վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ըստ նախնական տվյալների 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, փլվել է վերոհիշյալ բնակավայրի բնակելի շենքերից մեկի բաց պատշգամբը և աստիճանահարթակը, որի հետևանքով այդ պահին այդտեղ գտնվող 5 անձինք ընկել են շուրջ 3 մետր բարձրությունից. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես արդեն հայտնել էինք, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ. տուժած Ա. Օ․-ն (ծնված 2018 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։