ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առասպելներից և պատրանքներից հեռանալու համար անհրաժեշտ որոշ կանոններ.
. Ոչ մի պետություն անվերապահորեն չի աջակցելու Հայաստանին։ Մի ակնկալեք դա ոչ մեկից, որ ստիպված չլինեք հերթական անգամ հիասթափվել։
Համոզվելու համար ծանոթացեք մի քանի հազար տարվա պատմությանն ու մեր այն ռեսուրսներին, որ գեներացրել ենք՝ որպես այլ պետություններին շահագրգռելու միջոց։
. Ոչ մի պետության զինվոր չի պատերազմելու մեր զինվորի փոխարեն։
Իրենց զինվորի կյանքն ավելի թանկ է, քան այն, ինչ մենք առաջարկում ենք։ Ինչքան էլ որ մենք հաշվենք այլ ազգերի շահերը, նրանք մեզանից ավելի լավ գիտեն այդ ամենը։
. Ոչ մի խաղաղություն տարածաշրջանում հնարավոր չէ առաջիկա մի քանի տասնամյակում, եթե Հայաստանը շատ արագ չվերականգնի իր ռազմական ներուժն ու բարոյահոգեբանական վիճակը։ Միակ ուժը, որ վերջին տասնամյակներում հավասարակշռել էր տարածաշրջանը, (շատերի համար) փաստորեն, հայկական բանակն էր։
. Ոչ ոք և ոչինչ չի կարող լուծել մեզանում կուտակված և օր օրի բարդացող խնդիրները բացի մեր հավաքական և կոնսոլիդացվող ներուժը՝ ռազմական, դիվանագիտական, կառավարչական, ֆինանսատնտեսական, կրթագիտական, հոգևոր֊մշակութային և այլ ոլորտներում։
Այլ տեղ լուծումներ մի փնտրեք, հատկապես՝ «փրկիչների» ու բաժանարարների մոտ։
. Մի խոսքով, հասունանալ է պետք։ Մի քանի հազար տարեկան անչափահաս հանրույթներին երկար չեն հանդուրժում, ինչքան էլ որ դու լավը լինես, հատկապես՝ հիմա, երբ աշխարհն ավելի արագ է փոխվում, քան դու կհասցնես խղճալ քեզ»։