ԱՀԿ-ն կոչ է անում պետություններին հաշվի առնել մարդու իրավունքների խնդիրները՝ արգելափակումներ կիրառելիս

Պետություններն իրենք են որոշում կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ իրենց քայլերը, սակայն այս քայլերի ընթացքում մարդու իրավունքների ազդեցությունը պետք է հաշվի առնել։

Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելա Շայբը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նոյեմբերի 15-ից Ավստրիայում այն մարդկանց համար սահմանված արգելափակումների որոշումը, ովքեր չեն պատվաստվել կամ չեն վարակվել COVID-19-ով, ինչպես նաև Ավստրիայի կառավարության որոշումը՝ նախապատրաստվել 2022 թվականին պարտադիր պատվաստումների ներդրմանը։

«Երկրները պետք է ձեռնարկեն ռիսկի վրա հիմնված մոտեցում՝ դադարեցնելու վարակի փոխանցումը», – ասել է Շայբը՝ հավելելով, որ այս աշխատանքը պետք է կատարվի «իրենց ազգային համաճարակաբանական իրավիճակի գնահատման հիման վրա»։ Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք ԱՀԿ-ի տեսանկյունից պատվաստումը պետք է պարտադիր լինի։ Միաժամանակ, ըստ նրա, «իմունիզացիայի հարցերը լուծվում են ազգային դաշտում, պետություններն իրենք են որոշումներ կայացնում»:

Անդրադառնալով արգելափակումների վերաբերյալ ԱՀԿ դիրքորոշմանը, Շայբը բացատրել է. «Այն, ինչ կոչվում է ընտրովի արգելափակում կոնկրետ խմբի [մարդկանց] նկատմամբ, այլ ոչ բոլոր մյուս խմբերի նկատմամբ կիրառելը որոշակի էթիկական և մարդու իրավունքների խախտման հետևանքներ ունի»: «Ամեն ինչ իսկապես կախված է յուրաքանչյուր երկրում իրական համաճարակաբանական իրավիճակից, բայց պետք է նկատի ունենալ, որ ընտրովի արգելափակումները որոշակի ազդեցություն կունենան էթիկական կողմի և մարդու իրավունքների վրա», – ասել է պաշտոնյան:

Այս առումով ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս «շարունակել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ ապահովելու համար, որ պատվաստանյութերը հասանելի լինեն բոլոր բնակչության համար, ինչպես սահմանված է ազգային ծրագրում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել