Նոյեմբերի 19-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկա էին Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Լրագրողը հետաքրքրվել է, թե ու՞մ հետ է քննարկել վարչապետը Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Ըստ լրագրողի՝ նման գործընթաց սկսելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունն անակնկալ է եղել հանրության համար:«Վարչապետը միաձա՞յն է ընդունել այդ որոշումը»,- հարցրել է լրագրողը:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Ի պատասխան Էդուարդ Աղաջանյանը նշել է՝ վարչապետը բազմիցս հայտարարել է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու՝ Հայաստանի հետաքրքրվածության եւ շահագրգռվածության մասին: «Վարչապետն ինչպես հայտարարել է՝ Հայաստանն ընդունել է այդ առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին: Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո պատրաստ է ձեւավորել հանձնաժողով եւ անցնել աշխատանքներին: Հայաստանը շահագրգռված է օր առաջ անցնել աշխատանքին»:
Էդուարդ Աղաջանյանը վաղ է համարել այս պահին բովանդակության մասին խոսելը: Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ էլ՝ նման բնույթի աշխատանքները հանրային ձեւով չեն իրականացվում, քանի որ առնչվում են նաեւ մարդկային կյանքերի հետ: «Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ դա առնչվում է սահմանին տեղակայված ուժերի դասավորությանը այս պահին եւս: Դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի կրակելու նոր օջախներ չառաջանան»,-հավելել է Անդրանիկ Քոչարյանը: